Երևանի պետական համալսարան

Հասցե:  Ք. Երևան, Ալեք Մանուկյան 1

Հեռ.: 010-55-52-40

 Վեբ Կայք:  ysu.am

 Երևանի պետական համալսարանի մասին

1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Համալսարանի բացմանը մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երեւանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երեւանի ժողովրդական համալսարան: Երեւանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվում հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սեւ տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ` Հասարակագիտական եւ Բնագիտական: Իսկ արդեն 1921 թ-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ` Բնագիտական, Արեւելագիտական, Տեխնիկական, Մանկավարժական եւ Խորհրդային շինարարության: Այնուհետեւ Բնագիտական ֆակուլտետը վերաձեւավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922 թ-ի մարտին բացվեց նաեւ Բժշկական ֆակուլտետը:

Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած եւ մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

1933-34 ուսումնական տարում համալսարանում գործում էին Տնտեսագիտական, Բնապատմական, Պատմալեզվագրական, Ֆիզիկամաթեմատիկական եւ Մանկավարժական ֆակուլտետները: 1934 թ-ին մանկավարժական ֆակուլտետն առանձնացավ, եւ նրա հիմքի վրա կազմավորվեց Մանկավարժական ինստիտուտը (այժմ` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան): Նույն ուստարում Բնագիտական ֆակուլտետը բաժանվեց երկու` Կենսաբանական եւ Քիմիական ֆակուլտետների:

Այսպիսով, 1935-1936 ուստարվանից համալսարանում ձեւավորվում եւ սկսում են գործել ութ ֆակուլտետներ` Պատմության, Բանասիրական, Իրավաբանական, Երկրաբանա-աշխարհագրական, Քիմիական, Ֆիզիկամաթեմատիկական, Կենսաբանական: 1945 թ-ին բացվում եւ մինչեւ 1953 թ-ը գործում է նաեւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

1957 թ-ին Պետական համալսարանին` որպես առանձին ֆակուլտետ, միանում է Ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտը, որը 1961թ-ին կրկին առանձնանում է:

1959 թ-ին Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում եւ ինքնուրույն միավոր է դառնում Ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թ-ին առանձնանում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:

1991 թվականին Երեւանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:

Հատկապես 1960-1990-ական թվականները Համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն: Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվեցին նաեւ անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ եւ այլն:

1995-1996 ուսումնական տարին Երեւանի պետական համալսարանի համար նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր եւ որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաեւ հայաստանյան մի շարք բուհեր անցան երկաստիճան կրթական համակարգին:

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է շուրջ 90 հազար շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 20 ֆակուլտետներում մասնագիտանում են մոտ 13 հազար սովորողներ: Բուհի ավելի քան 1200 դասախոսներից 200-ը գիտությունների դոկտորներ են, 500-ից ավելին` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ ավելի քան երեք տասնյակ ակադեմիկոսներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար եւ կիրառական կարեւորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով եւ սարքավորումներով: