Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

Հասցե:  Ք. Երևան, Թումանյան 42

Հեռ.: 010-53-05-52

Վեբ Կայք:  brusov.am

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հիմնադրվել է 1935թ.: Համալսարանը պատրաստել է շուրջ 30 000 մասնագետ՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի, հոգեբանության, պատմության, քաղաքագիտության, երկրագիտության, եվրոպագիտության և այլ մասնագիտությունների գծով:
     Բոլոնիայի հռչակագրի դրույթներին համապատասխան` ԵրՊԼՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության եռաստիճան, իսկ 2006 թվականից` նաև կրեդիտային համակարգ:

Համալսարանի աշխատակիցները նոր սերնդի բազմաթիվ դպրոցական դասագրքերի ու ձեռնարկների հեղինակներ են: Բուհում ստեղծվել է ՀՀ-ի և արտերկրի կրթական ու գիտահետազոտական գործընթացների փորձի փոխանակման, ուսումնասիրման համակարգ, իսկ արտասահմանցի ուսանողների  համար պատրաստված են ուսումնական ծրագրեր:
Արդեն նորացվել և կատարելագործվել են մասնագիտական կրթության բովանդակությունը, ներմուծվել են այլընտրանքային, կամընտրական և նորարարական դասընթացներ, ներդրվել են գիտելիքների վերահսկման համակարգչային (էլեկտրոնային) և հեռակառավարման համակարգեր:
Համալսարանն ունի 3 ֆակուլտետ` օտար լեզուների, լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության, ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների, և 15 ամբիոն: Համալսարանի գիտահետազոտական գործունեության առաջնային ուղղություններն են` լեզվաքաղաքականություն, ռոմանագերմանական բանասիրություն, հայագիտություն, ռուսագիտություն, մանկավարժության և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի տեսություն և պրակտիկա, թարգմանության տեսության կիրառական հարցեր, գործնական թարգմանություն, ընդհանուր լեզվաբանություն, կիրառական լեզվաբանություն, զուգադրական տիպաբանություն, տեքստի լեզվաբանություն, ուսումնասիրվող լեզվի երկրի երկրագիտություն, փիլիսոփայություն և հոգեբանություն, գրականագիտություն, միջմշակութային հաղորդակցություն և մշակութաբանություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն:
Համալսարանում գործում են բազմաթիվ ուսանողական ինտելեկտուալ, նկարչական և հումորային խմբակներ, թատրոններ, ուսանողական գիտական ընկերություն, ուսանողական ամսաթերթեր և այլ հանձնաժողովներ:
Շարունակական բնույթ է կրում համագործակցությունը Եվրամիության, Եվրախորհրդի և ԱՊՀ լեզվական և լեզվամշակությային քաղաքականությունը մշակող կառույցների հետ: Միջազգային կապերի ամրապնդումը ինչպես արտերկրում մասնագետների վերապատրաստման, այնպես էլ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում: